Մի կողմ դնենք ենթադրյալ անարդար, պատվիրված, կողմնակալ դատական ակտերը: Խնդիրն այն է, որ Նոր Հայաստանի դատական համակարգում խախտվում են նույնիսկ տարրական դատական ընթացակարգերը:
Օրինակ, նշանակվում է դատական ակտի հրապարակման օր: Անցնում է մեկ շաբաթ, մեկ ամիս, շատ անգամ երկու կամ երեք ամիս, սակայն դատավարական կողմերին ՀՐԱՊԱՐԱԿՎԱԾ դատական ակտը հասանելի չէ:
Ի պատասխան քաղաքացիների հարցումներին, դատավորների օգնականները հայտնում են, որ «գործը դատավորի մոտ է», «փորձեք զանգահարել մեկ շաբաթից» և այսպես շարունակ:
Ստացվում է` բնության մեջ առկա է քաղաքացուն իրավունք տվող կամ իրավունք սահմանափակող իրավական ակտ, սակայն այն վեջինիս հասանելի չէ: Դա էլ մի կողմ:
ՈՒրեմն, արդեն կան դեպքեր, երբ դատական գործը գտնվում է վերադաս դատարանում, սակայն ստորադաս դատարանը, «վրիպակ ուղղելու» մտացածին պատրվակով, 180 աստիճանով փոխում է դատական ակտի բովանդակությունը, այն չի առաքվում կողմերին, վերջիններս փաստացի զրկվում են ակտը բողոքարկելու հնարավորությունից: Տեսականորեն` դատավորների գործողությունները կարելի է բողոքարկել ՀՀ արդարադատության նախարարին կամ Դատավորների էթիկայի հանձնաժողովին:
Գործնականում` բողոքարկումն անիմաստ զբաղմունք է:
Ի պատասխան բողոքի, արդարադատության նախարարությունից շատ կարճ տեքստով կպատասխանեն, որ «ամեն ինչ լավ է», «հիմք չկա»: Դատավորների էթիկայի հանձնաժողովից էլ չեն պատասխանի:
Այդ դեպքում, ինչպե՞ս վարվեն քաղաքացիները:
Իրականում` փակուղի է:
Ինչպես հասկացաք, բողոքելն անիմաստ է: Իրավախախտ դատավորների վերաբերյալ հրապարակային կարծիք արտահայտելը ռիսկային է` քրեական գործ կհարուցվի:
Մնում է դատարանների հետ չառնչվել կամ վերադառնալ հին և բարի ավանդույթներին` խնդիրները լուծել ծանոթ-ընկեր-բարեկամների միջոցով:
Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ